AM
14 November 2024 - 07:57 AMT

Մարկո Ռուբիոն հաստատել է՝ նշանակվելու է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

Սենատոր Մարկո Ռուբիոն հաստատել է, որ նշանակվելու է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Նա այդ մասին գրել է X-ի իր էջում։

Նա նշել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ղեկավարելը հսկայական պատասխանատվություն է։

«Մեծ պատիվ է նախագահ Թրամփի այդ վստահությունը։ Որպես պետքարտուղար ամեն օր աշխատելու եմ նախագահի արտաքին քաղաքական օրակարգն իրականացնելու ուղղությամբ։ Նախագահ Թրամփի ղեկավարությամբ մենք խաղաղություն կապահովենք՝ վեր դասելով Ամերիկայի և ամերիկացիների շահերը։

Անհամբեր սպասում եմ ԱՄՆ Սենատի իմ գործընկերների աջակցությանը, որպեսզի նախագահն ունենա իր ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմը, երբ նա ստանձնի պաշտոնը հունվարի 20-ին»», – ասվում է գրառման մեջ։

53-ամյա Ռուբիոն սենատոր է ընտրվել Ֆլորիդայից, նա ծնվել է կուբացի ներգաղթյալների ընտանիքում։

2023–ին Արցախի հայաթափումից հետո, Ռուբիոն միացել էր «Հայաստանի պաշտպանության ակտին», որով կոչ էր արվում Սպիտակ տանը դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։

Իսկ մինչ Արցախի հայաթափումը՝ 2023–ի հունիսին, ԱՄՆ սենատորներ Ալեքս Պադիլիան և Մարկո Ռուբիոն բանաձև էին ներկայացրել, որը դատապարտում էր Բաքվին Լաչինի միջանցքը փակելու համար և կոչ անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու հումանիտար ճգնաժամին։