Չորս օրվա ընթացքում երեւանյան համերգային դահլիճներում հանրահայտ երաժիշտների կատարմամբ հնչեց լեհ երաժիշտ Քշիշտոֆ Պենդերեցկու 25 ստեղծագործություն:
Համերգներին մասնակցում էին «Շանհայ» քառյակը, լեհ երաժիշտ Միխայիլ Կլաուզը, ավստրիացի ջութակահար Յուլիան Ռախլինը եւ այլք: Հայ երաժիշտներից Պենդերեցկու ստեղծագործությունները կատարեցին դաշնակահար Արթուր Ավանեսովը, կլառնետահար Մարտին Ուլիխանյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը եւ շատ ուրիշներ:
Համերգները Պենդերեցկու օրերի շրջանակներում էին իրականացվում: Պենդերեցկու օրեր համերգային ծրագիրը Հայաստանում կազմակերպվում է երկրորդ անգամ եւ այսուհետեւ կազմակերպվելու է ամեն տարի:
«Վեց տարի մենք ոչ միայն երազում էինք, այլեւ գործադրեցինք բոլոր ջանքերը, որպեսզի Երեւանում իրականացվի մեր ժամանակի հռչակավոր երաժիշտների օրերի անցկացումը: Գաղափարն արդեն իրականացվել է եւ ամենամյա փառատոնի բնույթ է կրում, ինչի համար մենք անչափ երջանիկ ենք, քանի որ այն հնարավորություն է ընձեռում Հայաստան գալու շատ հռչակավոր մարդկանց ոչ միայն երաժշտական աշխարհի, այլեւ այլ բնագավառների», – ասաց կոմպոզիտոր, «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի (որի շրջանականերում անցկացվում են Պենդերեցկու օրերը) նախագահ Ստեփան Ռոստոմյանը:
Քշիշտոֆ Պենդերեցկին նշեց. «Ես շատ գոհ եմ, որ Երեւանում նման փառատոն է անցկացվում ոչ միայն այն բանի համար, որ իմ ստեղծագործություններն են կատարվում, այլեւ այն պատճառով, որ ինտելեկտուալ եւ ընկալունակ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ճանաչելու ժամանակակից դասական երաժշտությունը»:
Կոմպոզիտորը նաեւ նշեց, որ հայ երիտասարդության հետաքրքրությունը ժամանակակից երաժշտության հանդեպ մեծ է եւ ժամանակակից դասական երաժշտությունը քարոզելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է հաճախ կատարել եւ հնչեցնել ժամանակակից երաժիշտների ստեղծագործությունները:
«Հայկական նվագախմբերն իմ ստեղծագործությունները կատարեցին գործադրելով իրենց առավելագույն հնարավորությունները, որոնք շատ բանով չեն զիջում հանրահայտ նվագախմբերի հնարավորություններին: Սակայն նրանք չունեն ժամանակակից դասական ստեղծագործություններ կատարելու ավանդույթ», – PanArmenian.net -ի հարցին պատասխանեց Քշիշտոֆ Պենդերեցկին:
Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Երեւանում առաջին անգամ անցկացվել են 2008 թվին:
Ք.Պենդերեցկին ծնվել է 1933 թ. նոյեմբերի 25-ին, փաստաբանի ընտանիքում, լեհական Դեմբիցա քաղաքում: Պենդերեցկին ժամանակակից երաժշտական մշակույթի ամենահայտնի դեմքերից է` կոմպոզիտոր, նվագավար, հասարակական գործիչ, մանկավարժ: Նա իր բազմակողմանի գործունեությամբ կապված է շատ երկրների հետ, իսկ նրա արվեստը իրապես դարձել է ինտերնացիոնալ: Լեհ երաժշտի երաժշտությունը հնչում է Եվրոպայի եւ Ասիայի, Ամերիկայի եւ Ավստրալիայի համերգային դահլիճներում: Նա օպերաների, օրատորիաների, գործիքային համերգների հեղինակ է: Պենդերեցկու համարյա բոլոր ստեղծագործությունները ձայնագրված են սկավառակներում, դրանք իրենց երգացանկում են ընդգրկել այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են` Զ. Մետան, Ի. Ստեռնը, Դ. Ֆիշեր-Դիսկաուն: Իր գործունեության տարիների ընթացքում կոմպոզիտորը երեք անգամ պարգեւատրվել է «Գրեմմի» մրցանակով, երկու անգամ արժանացել է «Էմմի»-ի, բազմաթիվ պետական պարգեւների մրցանակակիր է: