Անկարայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացումը ձգձգելու դեպքում այդ փաստաթղթերն անվավեր հայտարարելու հնարավորության մասին հայտարարությամբ Հայաստանի քաղաքական վերնախավն ազդանշան է տալիս Թուրքիային, որ ժամանակը չի կարելի ձգել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Նման հայտարարություններով հայկական կողմը ցույց է տալիս, որ ժամանակը զսպանակի պես չի ձգվում, եւ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ժամանակային շրջանակները նշանակություն ունեն»,- ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման երկարաձգումը որակական փոփոխությունների կհանգեցնի:
Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ եթե Անկարան երկարաձգի Արձանագրությունների վավերացման գործընթացը, ապա Հայաստանը կօգտվի միջազգային իրավունքով իրեն հատկացված հնարավորությունից: «Ես արդեն հանձնարարել եմ պատրաստել Հայաստանի օրենսդրության փոփոխությունները, որոնք վերաբերում են միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանն ու անվավեր հայտարարելուն»,- նշեց Հայաստանի նախագահը:






