Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն օգնում է Ինեկոբանկին ընդլայնել իր միկրոֆինանսավորման կարողությունները` մեծացնելու միկրովարկերի հասանելիությունը փոքր ձեռնարկատերերի եւ ցածր եկամուտ ունեցող անհատների համար, հատկապես Հայաստանի գյուղական շրջաններում, խթանելով աճն ու կայուն զարգացումը, ասվում է IFC-ի հաղորդագրության մեջ:
IFC-ի հետ համագործակցությամբ, Ինեկոբանկն ակնկալում է մեծացնել կարողությունները` օգնելու Հայաստանի բնակչությանը, որի մեծ մասը ներկայումս ունի միկրոֆինանսներից օգտվելու սահմանափակ հնարավորություն: IFC-ն ներմուծել է աջակցության նորարարական ձեւ` կատարողականի վրա հիմնված դրամաշնորհներ` տրանշներով, որոնց միջոցով հաճախորդները խրախուսվում են զարգացման նպատակակետերին հասնելու համար: Աստիճանական, քայլ առ քայլ գործընթացի միջոցով IFC-ն բանկին տրամադրելու է 700,000 դոլարի հասնող կատարողականի վրա հիմնված դրամաշնորհներ անհատներին ու փոքր ձեռնարկատերերին ավելի քան 71,000 նոր միկրովարկեր տրամադրելու նպատակով` առավելապես Հայաստանի գյուղական շրջաններում:
«Ֆինանսական ճգնաժամը ցույց տվեց, որ միկրովարկավորումը բանկի առավել կայաուն պրոդուկտներից է եւ դրա ռազմավարական հատվածի գերակայություններից մեկը», ասաց Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: «IFC-ի միկրովարկային նախաձեռնությանը մասնակեցելու միջոցով մենք ծրագրում ենք զգալիորեն ընդլայնել մեր ներթափանցումը միկրովարկային հատված եւ հասնել քիչ սպասարկվող շուկաներ հատկապես Հայաստանի գյուղական շրջաններում»:
Համաշխարհային շուկաների եւ կարճաժամկետ ֆինանսավորման գծով IFC-ի տնօրեն Ջորջինա Բեյքըրն ասաց. «Միկրովարկը դրսեւորվել է որպես խիստ կարեւոր գործիք աղքատության դեմ պայքարում: Մեր աջակցությունն Ինեկոբանկին թույլ կտա վերջինիս առաջարկել միկրովարկային պրոդուկտների տեսականի գործարարներին եւ անհատներին, ում այդ ծառայությունները նախկինում հասու չեն եղել, դրանով խթանելով աճն ու կայուն զարգացումը երկրում»:
IFC-ի ընդլայնված համագործակցությունն Ինեկոբանկի հետ ճգնաժամին արձագանքելու IFC-ի տարածաշրջանային ծրագրի մի մասն է: Այն համահունչ է Հայաստանում IFC-ի ռազմավարությանը, որը բերում է աջակցություն բնակչության առավել խոցելի խավերին` միկրովարկային հաստատություններին օժանդակելու միջոցով:
IFC-ն Ինեկոբանկի բաժնետերից է եւ տիրապետում է դրա բաժնետոմսերի 10 տոկոսին: 2006թ. IFC-ն Ինեկոբանկին տրամադրեց 3 միլիոն դոլարի վարկ` ընդլայնելու հիպոթեկային ֆինանսավորումը, իսկ 2008թ.` 3 միլիոն դոլարի ֆինանսական փաթեթ` ընդլայնելու Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորում ձեռք բերելու հնարավորությունը:
IFC-ն միակ միջազգային ֆինանսական հաստատությունն է, որը կենտրոնացել է բացառապես մասնավոր հատվածի վրա, ինչը հանդիսանում է զարգացող երկրների կայուն զարգացման շարժիչը: IBRD-ի հետ միասին այն ներկայումս ջանում է մեծացնել կապիտալը` ամրապնդելու զարգացող երկրներում բնակչության աղքատ խավերի համար հնարավորություններ ստեղծելու իր ունակությունը, այդ թվում` աջակցելով միկրովարկային հաստատություններին օգնել փոքր ձեռնարկատերերին եւ ցածր եկամուտ ունեցող անհատներին Հայաստանում:
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն մարդկանց համար ստեղծում է աղքատությունից խուսափելու եւ իրենց կենսամակարդակը բարելավելու հնարավորություններ: Մենք խթանում ենք կայուն տնտեսական աճ զարգացող երկրներում` աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, համախմբելով մասնավոր կապիտալը — տրամադրելով խորհրդատվական ու ռիսկերի նվազեցման ծառայություններ գործարարներին ու կառավարությանը: Մեր նոր ներդրումները 2009թ.-ի ֆինանսական տարում կազմել են 14,5 միլիարդ դոլար` նպաստելով ֆինանսական ճգնաժամի պայմաններում կապիտալը դեպի զարգացող երկրներ ուղղելուն:
Ինեկոբանկ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը հիմնադրվել է 1996 թվականին` Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու եւ բնակչության կենսամակարդակը բարձրացնելու տեսլականով: Բանկը Հայաստանի 10 առաջատար բանկերից մեկն է, որի ընդհանուր ակտիվները 2009թ.-ի դրությամբ կազմում են 130,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ կապիտալը` 25,8 մլն դոլար: Բանկի բաժնետերերի թվում են IFC-ն (10% բաժնետոմս) եւ DEG-ը (13,5% բաժնետոմս): Բանկը համագործակցում է այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են EBRD-ն, KfW բանկային խումբը, OFID-ը, ADB-ն: