AM
27 January 2010 - 15:55 AMT

Հայաստանն ու Իրանը երկկողմ համագործակցության մասին Հուշագրեր ստորագրեցին

Երեւանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքներով հայ-իրանական ներդրումային կոմիտեի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման մասին Հուշագրեր են ստորագրվել:

Ինչպես նշեց Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը, ստորագրված փաստաթղթերը նոր հնարավորություններ են ընձեռում Հայաստանի ու Իրանի միջեւ համագործակցության ընդլայնման համար եւ ներառում են բազմաթիվ ոլորտներ` դրանով իսկ հեռանկարներ ստեղծելով երկկողմ հարաբերությունների խորացման համար: «Վստահ եմ, որ ստորագրված փաստաթղթերի միջոցով հանձնաժողովի 10-րդ նիստում, որը տեղի կունենա Իրանում, մենք դրական տեղաշարժեր կարձանագրենք»,- ասաց Հայաստանի նախարարը:

Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին նշեց, որ Հայաստանն ու Իրանը ձգտում են որքան հնարավոր է արագ արդյունքի հասնել բանակցություններում եւ համագործակցություն հաստատել նոր ոլորտներում: «Ստորագրված փասատթղթերն անդրադառնում են համագործակցության բոլոր ոլորտներին` տրանսպորտ, էներգետիկա, մաքսային պայմանների պարզեցում: Բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք նաեւ առեւտրատնտեսական ոլորտի հարցեր: Մենք որոշեցինք բարեփոխումներ իրականացնել առեւտրատնտեսական հարցերով զբաղվող ինֆրակառույցների աշխատանքի պարզեցման համար»,- ասաց Իրանի ԱԳՆ ղեկավարը: Նա ավելացրեց, որ Հայաստանի ու Իրանի ղեկավարներն անհրաժեշտ քաղաքական կամք ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման համար:

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1992 թվականին` Հայաստանի ու Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ: Հայկական կողմից հանձնաժողովի նախագահը Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանն է, իրանական կողմից` Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին: