AM
1 February 2010 - 14:52 AMT

ՏՄՊՊՀ. Տուգանվել են Հայաստանի մի քանի դեղագործական ընկերություններ

2010 թվականի փետրվարի 1-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում «ԱրմՖարմ», «Ֆարմ Գոհար», «Դեղաբազա Երեւան» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունները տուգանվել են 500 000-ական դրամով` Հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

Առաջին երեքը դեղորայքի շուկայում գործող ընկերություններ են, որոնց կողմից տեղեկատվության չտրամադրումը կամ ուշացնելը խոչընդոտել է դեղերի շուկայում հակամրցակցային համաձայնության կասկածանքով հարուցված վարույթի աշխատանքներին: Նրանց տրամադրած տեղեկատվությունն այժմ ուսումնասիրության ընթացքում է եւ հակամրցակցային համաձայնությանը մասնակից լինելու հանգամանքը պարզվում է:

Վերջին ընկերությունը` չնայած լայն սպառման շուկաներում գործող ընկերություններին նախաամանորյա շրջանում տրված հանձնարարությանը, որ գների ցանկացած բարձրացման դեպքում երկօրյա ժամկետում Հանձնաժողովին հիմնավորումներ ներկայացնեն, սահմանված ժամկետում տեղեկատվություն չի ներկայացրել: Ավելի ուշ Հանձնաժողովի անցկացրած մոնիտորինգն է պարզել, որ նորզելանդական կարագի գինը բարձրացել է: Անհրաժեշտ հիմնավորումները ներկայացված են:

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ դեղորայքի շուկայում գործող «Ֆետիդա Ֆարմ» ընկերությունում ստուգումներ են նշանակվել` հակամրցակցային համաձայնության կայացման կասկածանքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում ներկայացված տեղեկատվության հավաստիությունը պարզելու նպատակով: