Հայաստանում հանդիսանալով գազի մատակարարման ու բաշխման մենաշնորհատեր` «ՀայՌուսագազարդ» ընկերությունն անհիմն կերպով բարձրացնում է գները` դրանով ավելացնելով իր եկամուտները, գտնում է հայ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Ճգնաժամի պայմաններում ռուսական կողմը պետք է ըմբռնումով մոտենա գազի գնի բարձրացման հարցին: Եթե նավթի միջազգային գներն ընկնում են, ապա ինչո՞ւ են Հայաստանում գազի գներն աճում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նկատեց նա:
Հայաստանի գազամատակարարման ոլորտի փորձագետ Արթուր Ղազարյանն իր հերթին ավելացրեց, որ 2010 թվականի ապրիլի 1-ից գազի գնի բարձրացման կապակցությամբ տրանսպորտի եւ, համապատասխանաբար, ապրանքի գները նույնպես կաճեն: Իսկ ինչ վերաբերում էլեկտրաէներգիային, ապա, փորձագետի կարծիքով, էլեկտրաէներգիայի գնի աճ չի սպասում:
Այդ առիթով նա հաղորդեց նաեւ, որ Հայաստանի Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) մտադիր է գազի գինը բարձրացնել 10%-ով, սակայն «ՀայՌուսգազարդն» առաջարկում է գների բարձրացում 40%-ով` 1 խոր. մետր գազի սակագինը ավելացնելով 96-ից մինչեւ 136 դրամ` վկայակոչելով, որ իրենք աշխատում են ի վնաս իրենց:
«Եթե գազի գների աճը չուղեկցվի գազի որակի բարձրացմամբ, ապա այրվող գազի արդյունավետությունը շատ ցածր կլինի, ինչը բացասաբար կանդրադառնա բնակչության վճարունակության վրա,- հայտնեց նա լրագրողներին: Այդ կապակցությամբ նա նշեց, որ «ՀայՌուսգազարդի» տվյալներով, 1 խորանարդ մետր գազի այրման ժամանակ ստացվում է գազի այրման 8218 կկալ ջերմություն, սակայն ռուսական կողմի տվյալներով, այդ թիվը կազմում է 8860 կկալ, ինչը չի համապատասխանում հայկական տվյալներին երկրում այրվող գազի որակը կարգավորող լաբորատորիաների եւ լաբորատոր եզրակացությունների բացակայության պատճառով: Նա ավելացրեց նաեւ, որ «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանված գազի այրման նվազագույն ջերմությունը կազմում է 7900 կկալ:
Փորձագետի խոսքով, այրվող գազի ցածր որակը պայմանավորված է նրանով, որ բնական գազի հետ միասին, որի հիմնական մասը` 91,74% կազմում է մեթանը, այլածին քիմիական տարրեր են թափանցում խողովակաշար, ինչպիսիք են ազոտը եւ ոչ մեծ քանակությամբ թթվածինը:
Հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության եւ «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից` 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ռուսական բաժնետիրական ընկերության միջեւ 1997թ. հունվարի 18-ին Մոսկվայում կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում գազամուղների կառուցման եւ շահագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ երրորդ երկրներ դրա տարանցման մասին» համաձայնագրի համաձայն: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով: Ընկերության գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ: Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է նոր ստեղծվող տարանցիկ գազամուղների եւ գազի ստորգետնյա պահեստարանների նախագծման, ֆինանսավորման, կառուցման եւ շահագործման գծով ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ գործող գազատար համակարգերի ընդլայնումը, վերակառուցումն ու դրանց շահագործումը, շահույթի ստեղծումը: Այսօրվա դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 316,6 մլրդ դրամ: