2010թ. առաջիկա ամիսներին «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն (Grant Thornton Amyot-GTA )մտադիր չէ անցկացնել «Հայաստանի կապիտալի շուկան» միջազգային խորհրդաժողովը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է GTA աուդիտորական-խորհրդատվական ընկերության համասեփականատեր Գուրգեն Հակոբյանը: «2009թ. ճգնաժամի պայմաններում ակտիվությունը կապիտալի շուկայում նվազագույն էր եւ այժմ դեռեւս աննպատակահարմար է կրկնել անցյալ տարվա փորձն ու նման խորհրդաժողով կազմակերպել»,-ասել է նա:
Միաժամանակ Գ.Հակոբյանը նշել է, որ հարկ կլինի սպասել, տեսնելու համար, թե ինչպես կզարգանան իրադարձությունները տնտեսության մեջ, մասնավորապես, կապիտալի շուկայում, իսկ ընկերությունը մտադիր է մի շարք հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել, որոնց մասին շուտով կհայտարարվի:
2009թ. փետրվարի 27-ին տեղի ունեցավ «Հայաստանի կապիտալի շուկան» միջազգային խորհրդաժողովը, որի կազմակերպիչը «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերությունն էր` Կենտրոնական բանկի, էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի բանկերի միության, «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի, Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի եւ USAID-ի «Ֆինանսական հատվածի զարգացում» ծրագրի հետ համատեղ:
Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերությունը (Grant Thornton Amyot) հիմնվել է 1990-ականների սկզբին: Ընկերությունն ավելի քան 10 տարիների ընթացքում տրամադրում է աուդիտորական, բազմակողմանի խորհրդատվական ծառայություններ եւ փորձագիտական գնահատականներ միջին եւ խոշոր ձեռնարկություններին, կառավարական կազմակերպություններին, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ազգային եւ առեւտրային բանկերին: Կազմակերպությունը գրանցված է ԱՄՆ-ի Հանրային ընկերությունների հաշվետվության վերահսկաման կոմիտեում (PCAOB), ինչը թույլ է տալիս կիրառել ԱՄՆ արժեթղթերի բորսայում գրանցված հանրային ընկերությունների հաշվետվությունների հաստատման կարգը, ինչպես նաեւ իրականացնել նրանց հայկական դուստր ընկերությունների աուդիտը:
Ընկերությունը Հայաստանում գործող ՄԱԿ-ի շրջանակներում Global Compact ցանցի անդամ է, որի նպատակն է բարձրացնել ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը եւ աջակցություն ցուցաբերել Հայաստանին համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելու հարցում: