«2012 թվականին ղարաբաղյան ճակատում ռազմականա գործողությունների վերսկսման հավանականությունը` կապված նավթահանման մակարդակի նվազեցման հետ, ինչի մասին ասվում է միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում, տեսականորեն հնարավոր է: Բայց անգամ այդ ժամանակ Ադրբեջանը պատրաստ չի լինի հարձակվողական ռազմական գործողություններ վարել»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնեց ռազմական հոգեբան, Հայաստանի Պաշտպանության նախարարության Հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը:
Ջամալյանի խոսքով, չնայած ադրբեջանական կողմի ինքնավստահ հայտարարություններին եւ հայավախության բարձր մակարդակին, ադրբեջանական բանակը պատրաստ չէ հարձակվողական ռազմական գործողություններ վարել մի քանի պատճառներով: «Պատճառներից մեկն այն է, ինչի մասին Ադրբեջանը չի խոսում` ռազմական գործողությունների ընթացքում հնարավոր կորուստները: Ռազմական փորձագետների կարծիքով, ղարաբաղյան ճակատում հարձակվողական պատերազմի դեպքում ադրբեջանական կողմի կորուստներն առնվազն երեք անգամ կգերազանցեն հայերի կորուստները: Ռազմական գործողությունների նման ընթացքի դեպքում Ադրբեջանի բանակը շատ արագ կբարոյալքվի»,- պարզաբանեց հոգեբանը:
Ջամալյանը երկրորդ պատճառ անվանեց այն, որ Ադրբեջանը բազմազգ երկիր է, եւ ռազմական գործողություններում ֆիասկոյի դեպքում կարող է փլուզման եզրին հայտնվել: «Մեկ այլ պատճառ է Ադրբեջանի բանակում աննախադեպ կաշառակերության առկայությունը եւ սպաների ու զինվորների միջեւ անառողջ անձնական հարաբերությունները: Հոգեբանը նկատեց, որ ելնելով վերը նշվածներից, ադրբեջանական բանակն ի վիճակի չէ հարձակվողական ռազմական գործողություններ վարել:
Խոսելով ռազմական գործողություններին հայկական բանակի պատրաստվածության մասին` Ջամալյանը նկատեց, որ Հայաստանի Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շնորհիվ մեծ թիվ են կազմում պայմանագրային զինծառայողները, որոնք կամ ղարաբաղյան պատերազմի նախկին վետերաններ են կամ էլ սահմանամերձ գյուղերի բնակիչներ: «Դա հայկական կողմի առավելությունն է, քանի որ պայմանագրով զինծառայողները լավ գիտեն տեղանքը եւ պատերազմ վարելու մեծ փորձ ունեն»,- նկատեց նա: