AM
16 February 2010 - 14:17 AMT

Մանվել Գրիգորյան. Ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմը զիջելու ոչինչ չունի

«Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման արդյունքում ծնված «Երկրապահ» կամավորական միությունը եղել եւ մնում է ԼՂՀ խաղաղության եւ անվտանգության պաշտպանը»,- «Երկրապահի» կամավորական միության 8-րդ համագումարում հայտնեց միության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով, «Երկրապահը» շարունակելու է աջակցել զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Լեռնային Ղարաբաղի առնչությամբ գեներալը նկատեց, որ բոլորը պետք է հասկանան` «հայերը զիջելու ոչինչ չունեն ու Երեւանի պաշտպանությունը սկսվում է ԼՂՀ շուրջ ազատագրված տարածքներից»:

Դրա հետ մեկտեղ Մանվել Գրիգորյանը նկատեց, որ «Երկրապահը» հանդես չի գալիս հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորման դեմ, բայց դրանք պետք է առանց նախապայմանների լինեն: «Եթե հանկարծ պարզվի, որ նախապայմանները, այնուամենայնիվ, գոյություն ունեն, ապա Հայաստանն ինքը պետք է դրանք առաջադրի: Թուրքիան Հայոց ցեղասպանություն է իրագործել, որի արդյունքում մեր հայրենիքի հսկայական մի մաս թուրքերի ձեռքում է այժմ գտնվում»,- ընդգծեց նա:

Նա կարեւոր համարեց նաեւ հայ հասարակայնության ներքին միասնությունը, որպեսզի չկրկնվեն այնպիսի ողբերգություններ, ինչպիսիք էին «հոկտեմբերի 27-ը» եւ «մարտի 1-ը»: