ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր համապատասխան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էանցկացրել աղետի գոտում պետբյուջեից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրերի վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանձնարարականների կատարման ընթացքի շուրջ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությոնը:
Աշխատակազմի ղեկավարն ասել է, որ այդ ծրագրերը Նախագահի ուշադրության կենտրոնում են, եւ պետք է արվի ամեն ինչ` դրանք ժամանակին եւ որակով իրականացնելու համար: Կարեն Կարապետյանի խոսքով` պետությունն իր սուղ միջոցներից մեծ գումարներ է ներդրել երկար տարիներ անօթեւան մնացած մարդկանց բնակարաններով ապահովելու գործում, ուստի, կատարված աշխատանքը որակի առումով պետք է արդարացնի այդ մարդկանց եւ պետության սպասումները:
Քննարկվել են մինչ այժմ արձանագրված թերությունները վերացնելուն եւ առաջիկայում դրանց կրկնությունից խուսափելուն վերաբերող հարցեր: Աշխատակազմի ղեկավարն ասել է, որ ոչ միայն կառուցապատողը, այլեւ շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնողները խիստ պատասխանատվություն են կրելու որակի համար: Խոսվել է նաեւ կառուցապատման աշխատանքներում տեղի աշխատուժը ներգրավելու, բնակարանների բաշխումը արդարացի եւ թափանցիկ կազմակերպելու անհրաժեշտության մասին: Կարեն Կարապետյանը նշել է, որ Նախագահի աշխատակազմը հետեւողական է լինելու այդ հարցերում: