«Հեռուստատեսության եւ ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) ձեւակերպումների մի մասը անհստակ է ու մշուշոտ»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրային հեռուստատեսության կինոյի եւ կրկնօրինակման բաժնի վարիչ, կինոգետ <b>Զավեն Բոյաջյանը</b>:
Ըստ նրա, փաստաթուղթը պրոֆեսիոնալներ չեն կազմել, ինչի մասին են վկայում տեքստում թույլ տրված անճշտությունները: «Էրոտիկային վերաբերող չափանիշների առաջին կետում մի բառ անգամ չկա ֆիլմերի մասին, նշված են միայն «էրոտիկ բնույթի կամ էրոտիկ կադրեր պարունակող հեռուստածրագրերը», այն դեպքում, երբ հայկական հեռուստատեսությունում նման ծրագրեր չկան կամ եզակի են»: Նա ընդգծել է նման անճշտությունների առկայությունը նաեւ հանձնաժողովի կայքում ներկայացված փաստաթղթի այլ կետերում:
Ըստ Բոյաջյանի, հարկավոր չէ նոր չափորոշիչներ հորինել, եթե կարելի է օգտագործել արդեն երկար տարիներ այլ երկրներում գործող չափորոշիչներ : Նա առաջարկել է դասակարգել ֆիլմերն ու հեռուստահաղորդումները, որոնք նախատեսված կլինեն տարբեր տարիքային խմբերի դեռահասների, ծնողների հետ դիտման համար եւ միայն չափահասների համար:
«Արգելքների կիրառումը նման իրավաբանական փաստաթղթերում հիշեցնում է խորհրդային գրաքննության համակարգը: Իսկ եթե ստիպված ենք արգելել, ապա միայն բռնության ու էրոտիկայի չափազանց բացահայտ տեսարաններով ֆիլմերն ու ծրագրերը, որոնք իրոք կարող են բացասաբար անդրադառնալ դեռահասների զարգացման վրա»,-ասել է Բոյաջյանը:
«Ես համաձայն եմ, որ նման արգելող փաստաթղթերը հիշեցնում են խորհրդային համակարգը, եւ դրանք կիրառելուց առաջ հարկավոր է հիշել, թե ի վերջո ինչ վախճան ունեցավ ԽՍՀՄ-ը: Սակայն ես ողջունում եմ այն խուճապը, որն առաջացել է ՀՀ կառավարությունում հանրության ներկա բարոյական վիճակի առումով: Եվ եթե այդ չափանիշներն, ի վերջո, բանալի հանդիսանան առկա խնդիրների լուծման համար, ապա ես ողջունում եմ դրանք»,-իր հերթին ասել է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
2009թ. դեկտեմբերի 9-ին գաղտնի քվեարկությամբ Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը հաստատեց ՀՌԱՀ-ի կազմը 6 տարի ժամկետով: