AM
19 February 2010 - 12:24 AMT

«Deno Gold Mining» ընկերության դեմ դատական հայցն ավարտվեց հաշտության համաձայնագրով

<b>«Deno Gold Mining»</b> ընկերության դեմ դատական հայցն ավարտվեց հաշտության համաձայնագրով, հաղորդում է «Էկոլուր» ՀԿ-ն:

2009թ. նոյեմբերին «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի աջակցությամբ Շահումյան բանավանի 28 սեփականատերեր դիմեցին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով կանխել մարդկանց կյանքի եւ առողջության համար ռիսկերը: Խնդիրն այն է, որ Շահումյան բանավանի տարածքը վտանգավոր գոտի է, քանի որ նրա տակ գտնվում են ստորգետնյա հանքահորեր, որոնք շահագործում է ընկերությունը:

2010թ. փետրվարի 17-ին «Deno Gold Mining» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան եւ 20 հայցվորների նե րկայացուցիչ, փաստաբան Իրինա Մանուկյանը ստորագրեցին հաշտության համաձայնագիր, որի համաձայն` մինչեւ մարտի 31-ը վաճառքի կհանվի հայցվորների սեփականությունը, որը գտնվում է վտանգավոր գոտում, իսկ ընկերությունն իր հերթին պարտավորվում է շուկայական գներով ձեռք բերել այդ սեփականությունները: 8 սեփականատերեր հրաժարվել են հաշտության համաձայնագրից եւ հայցը հետ են կանչել:

Ինչպես նշված է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի մամլո հաղորդագրության մեջ, այս գործընթացի ընթացքը եւ դատարանի օբյեկտիվ որոշումը ոչ միայն հասարակական կազմակերպության եւ ժողովրդի հաջողությունն է, այլ նաեւ «Deno Gold Mining» ընկերության: