«Գիտության աշխարհում» Հայաստանի առաջին գիտահանրամատչելի ամսագիրը 5 տարեկան է: Ամսագրի հոբելյանը հանդիսավոր նիստով նշվել է փետրվարի 10-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ):
Նիստի ընթացքում ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը պատվոգրերով է պարգեւատրել ամսագրի աշխատակիցներից մի քանիսին:
Ամսագրի ստեղծման գործում անգնահատելի ավանդի համար պատվոգրով հետմահու պարգեւատրվել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հայկ Ղազարյանը պարգեւատրվեց պատվոգրով, որպես ամենաակտիվ ընթերցող, Շահեն Խաչատրյանը եւ Ալբերտ Սարգսյանը`որպես ամենաակտիվ հեղինակներ: Պատվոգրեր ստացան ամսագրի պատասխանատու քարտուղար Նարինե Վարդանյանը, գեղարվեստական ձեւավորող Ալվարդ Օհանջանյանը եւ ամսագրի սրբագրիչ Քրիստինե Հովհաննիսյանը:
Նիստին ներկա էին ՀՀ-ի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ամսագրի խմբագրային կազմը եւ գիտական հասարակության ներկայացուցիչները:
5 տարվա ընթացքում լույս են տեսել ամսագրի 20 համարներ, եւ հրատարակվել է 200 գիտական հոդված: Տպաքանակը 500 օրինակ է: