Տասնմեկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ կառավարության եւ օրենսդիր մարմնի պաշտոնյաներ հավաքվել էին այսօր կլոր սեղանի շուրջ` քննարկելու Հայաստանում ազգային փոքրամասնությունների հավասար իրավունքների ու հավասար հնարավություններին վերաբերող հարցեր: Միջոցառմանն աջակցում էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը եւ նվիրված էր Մայրենի լեզվի միջազգային օրվան:
Ազգային փոքրամասնությունների հետ Հայաստանում իրանց լեզուների աջակցման եւ պահպանման իրավիճակի քննարկմանը մասնակցեցին ՀՀ նախագահի գրասենյակի, Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության, Մշակույթի, Կրթության եւ գիտության, ու Սփյուռքի նախարարությունների, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերով կոմիտեի եւ Լեզվի պետական տեսչության ներկայացուցիչները` շեշտելով նաեւ այս խնդրում առկա մարդու իրավունքների բնագավառը:
Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված իր ուղերձում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան ասել է. «Լեզուները փոխըմբռնման եւ հանդուրժողականության լավագույն շարժիչ ուժերն են: Առանց որեւէ բացառության, բոլոր լեզուների նկատմամբ հարգանքն է հասարակությունների եւ նրանց բոլոր անդամների խաղաղ գոյակցության բանալին»:
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Լեզուները մեր ժառանգությունը պահպանելու եւ զարգացնելու ամենահզոր գործիքներն են: Մայրենի լեզվին աջակցելն ու պահպանելը ոչ միայն խրախուսում է բազմալեզվությունն ու բազմալեզու կրթությունը, այլ նաեւ ամբողջ աշխարհում զարգացնում է ավելի լիակատար իրազեկվածություն լեզվական եւ մշակութային սովորույթների մասին ու ներշնչում է համերաշխություն` հիմնված հասկացողության, հանդուրժողականության եւ երկխոսության վրա»:
Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության նախագահ Վարդան Ասցատրյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում իրավիճակը յուրահատուկ է ՄԱԿ-ի այս օրը հիշատակելու առումով: 2006թ. մայրենի լեզվի միջազգային օրը հայտարարվել է որպես պետական տոն, իսկ 2010թ. հայտարարվել է Մայրենի լեզվի տարի:
«Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանում ազգային փոքրամասնությունների եւ նրանց լեզուների զարգացմանն ու տարածմանը»,- ամփոփեց նա:
Մայրենի լեզվի 11-րդ միջազգային օրը, որ նշանակված է 2010թ. փետրվարի 21-ին, հիշատակվում է Մշակույթների մերձեցման միջազգային տարվա շրջանակներում: