«Սիլ կոնցեռն» ընկերության համահիմնադիր Սարիբեկ Սուքիասյանի իրավունքները ոտնահարվել են այն ժամանակ, երբ նրան տարել են ոստիկանության բաժանմունք եւ թույլ չեն տվել հանդիպել իր փաստաբանների հետ: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Սակայն նա նշել է, որ ներկայում Սուքիասյանի իրավունքները չեն ոտնահարվում: Նա նաեւ ասել է, որ այս գործով լրացուցիչ որեւէ բան ասել չի կարող:
Փետրվարի 2-ին, ժամը 17.30-ին ոստիկանության Էրեբունի բաժին է դիմել «Աուդիտ» ԲԲԸ տնօրեն Գոռ Դավթյանը, հաղորդելով, որ «Սիլ կոնցեռնի» համահիմնադիրներից Սարիբեկ Սուքիասյանը եւ ոմն Արտաշ «Սիլ գրուպ» ընկերության գրասենյակում մահվան սպառնալիքով նրան ստիպել են ստորագրել «Բյուրեղ» ՓԲԸ բաժնետոմսերին վերաբերող փաստաթղթերը, որը իրեն էր պատկանում: Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին Սարիբեկ Սուքիասյանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունի բաժին:
Սարիբեկ Սուքիասյանը հայտնի հայ գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է: Խաչատուր Սուքիասյանը անցյալ տարի հրաժարվել է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատից: