AM
27 February 2010 - 15:23 AMT

Ռուս-հայկական համալսարանում ցուցադրվեց «Սումգայիթ» ֆիլմի կրճատված տարբերակը

Փետրվարի 27-ին ՌՀՀ-ում( Սլավոնական համալսարան) տեղի ունեցավ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայկական ջարդերի 22-րդ տարելիցին նվիրված «Բաքու: 90-ականների հունվարը» եւ «Սումգայիթ» ֆիլմերի շնորհանդեսը: Ֆիլմերը նկարահանվել էին «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմին կից հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի կենտրոնի աջակցությամբ: Առաջին ֆիլմի պրեմիերան արդեն տեղի է ունեցել: Այն ցուցադրվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, իսկ ֆիլմի կրճատված տարբերակը` «Սումգայիթ», որ ներկայացնում է հիմնական գաղափարները, ցուցադրվում էր առաջին անգամ: Այս ֆիլմը Հանրային հեռուստատեսությամբ առաջին անգամ կցուցադրվի փետրվարի 28-ին:

«Ֆիլմի հեղինակներն այն գաղափարն են դրել ֆիլմի հիմքում, որ մարդու դեմ յուրաքանչյուր հանցագործություն, այդ թվում` ցեղասպանությունը չի կարող անպատիժ մնալ , քանի որ դրանց այլ հանցագործություններ կհետեւեն: Այս ֆիլմերում ներկայացված փաստերը վկայում են մեր քաղաքացիների դեմ Ադրբեջանի իշխանությունների նպատակաուղղված քաղաքականության մասին», – ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթ ունենալով` ընդգծել է ՌՀՀ դասախոս, ցուցադրման կազմակերպիչ Արման Սաղաթելյանը:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ իր խոհերն արտահայտեց նաեւ «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ , լրագրող Մարինա Գրիգորյանը: Նա PanARMENIAN.Net-ի լրագրողի հետ զրույցի ընթացքում ասել է, որ «Սովորական ցեղասպանություն» նախագծին սկիզբ է դրվել 2009 թ. նոյեմբերին, եւ նախատեսվում են այդ շրջանակներում դեռ շատ ֆիլմերի նկարահանում` Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին. «Մենք սկսել ենք Բաքվի ջարդերից, եւ ֆիլմ ենք պատրաստում ղարաբաղյան Մարագա գյուղի մասին, որի վրա կատարված հարձակման մասին քչերը գիտեն: Այնուհետեւ, նկարահանելու ենք «Օղակ» եւ Խոջալուի ողբերգության ողջ ճշմարտությունը պատմող ֆիլմեր»:

Ֆիլմերը ՌՀՀ-ում ցուցադրելու գաղափարը պատկանում է նաեւ համալսարանի ուսումնադաստիարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մարգարյանին. «Թեեւ մեր համալսարանն ընդամենը 10 տարեկան է, մենք հավաքվել ենք, որպեսզի հարգենք ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը», – ընդգծել է նա: