AM
3 March 2010 - 09:31 AMT

ARTOC group-ը տպավորվել է Հայաստանի տնտեսության ոլորտում արձանագրած զարգացումներով

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունեց «ARTOC group» միջազգային ներդրումային ընկերության (Եգիպտոս) նախագահ Մոհամադ Շաֆիկ Գաբրին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

Ա. Գեւորգյանը ողջունեց հյուրերին Հայաստան այցելելու կապակցությամբ եւ կարեւորեց ընկերության կողմից Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունների քննարկումը: Որպես հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նախագահ` Ա. Գեւորգյանն ընկերության հետ հնարավոր գործակցությունը համարեց հայ- եգիպտական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված եւս մեկ քայլ: Մ. Գաբրը նշեց, որ ընկերության ներկայացուցիչները մի քանի տարի առաջ եղել են Հայաստանում, ծանոթացել ներդրումային հնարավորություններին եւ ընդգծեց, որ տպավորված են վերջին տարիներին տնտեսական ոլորտում Հայաստանի արձանագրած զարգացումներով:

«Արտոկ գրուպ»-ի նախագահն անդրադարձավ նաեւ Կահիրեի արվարձաններից մեկում հաջողությամբ իրագործված «Smart Village» քաղաքի գաղափարը Երեւանում առավել փոքր մասշտաբով իրականացնելու հնարավորությանը: Մ. Գաբրը նշեց, որ ընկերությունը հետաքրքրված է նաեւ Գյումրիում տեխնոպարկի ստեղծման գաղափարով:

Գեւորգյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է արտասահմանյան ներդրումային ծրագրերը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց իրագործմանը` ընդգծելով Հայաստանում նմանատիպ ծրագրերի հաջող ընթացքը:

Փոխվարչապետը նաեւ նշեց, որ հայկական կողմը հետաքրքրված է նաեւ զբոսաշրջության ոլորտին վերաբերող նախագծերով:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ընկերության մասնագետները մի քանի օր կանցկացնեն Երեւանում` առավել մանրամասն ծանոթանալու ՀՀ կառավարության եւ մասնավոր հատվածի կողմից շինարարության ոլորտում իրականացվող ծրագրերին եւ համագործակցության հնարավորություններին: Փոխվարչապետը հյուրերին առաջարկեց հաջորդ այցի ընթացքում լինել նաեւ մարզերում` երկրի հնարավորություններին ավելի լավ ծանոթանալու համար: