Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում` «Զարգացման հայկական գործակալության բարեփոխումների հայեցակարգը»:
«ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել գործակալության 2009 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: Նա մասնավորապես նշել է, որ 2009 թ. գործակալության կողմից իրականացվել են ծրագրերի նախապատրաստման, ներուժային ներդրողների որոնման եւ նրանց հետ բանակցությունների վարման, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության, ինչպես նաեւ ներդրողների սպասարկման աշխատանքներ:
Հաստատվել է նաեւ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2010 թ. միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է մի շարք կարեւոր ծրագրերի իրականացում թիրախային ոլորտներում ներդրումների ներգրավման եւ արտահանման խթանման նպատակով:
Անդրադառնալով գործակալության կողմից տարվող աշխատանքներին` Տիգրան Սարգսյանընշել է, որ չնայած վերջինիս գործունեության մեջ նկատվում են դրական տեղաշարժեր, գործակալությունը պետք է առավել ակտիվ եւ նպատակային գործունեություն ծավալի, խնդիրները պետք է լինեն հստակ, չափանիշները` ավելի հասկանալի, իսկ աշխատանքի արդյունքները` չափելի: Ըստ վարչապետի` անհրաժեշտ է աշխատանքի նոր մեթոդաբանություն մշակել Գործակալության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար:
Կարեւորվել է նաեւ ներկայացուցիչների ինստիտուտի դերը` տեղեկատվության ապահովման եւ փոխանակման, շուկայի ուսումնասիրության եւ ներդրողների հայտնաբերման նպատակով: Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը առանցքային է համարել ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով դեսպանատների ու դիվանագիտական ներկայացուցչությունների հետ ակտիվ համագործակցությունը:
Ի թիվս օրակարգային այլ հարցերի նիստում հաստատվել է նաեւ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Տնտեսական գործունեության արդյունավետ վարման եւ աջակցման միջոցառումների իրականացման ծրագրի 2010 թվականի ծախսերի նախահաշիվը: