«Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրեն Շեւքեթ Շայդուլինի բլոգը բացվել է sh_shaydullin.livejournal.com հասցեով: Տնօրենն իր առաջին գրառումով անդրադարձել է ընկերության միջազգային ասպարեզ դուրս գալու եւ Արեւմուտք ու Արեւելք տրանսպորտալոգիստական համակարգում ինտեգրվելու մասին թեմային:
«Պատմականորեն լինելով Արեւմուտքի եւ Արեւելքի, Հյուսիսի եւ Հարավի հատման գծում, Մեծ մետաքսի ճանապարհին գտնվող երբեմնի հզոր պետություն Հայաստանն իր երկաթուղային ենթակառուցվածքով կարող է դառնալ կապող օղակ, որի միջով ուղիղ գծով կարող է անցնել միջազգային տրանսպորտային հոսքը», – նշել է նա:
ՀԿԵ ղեկավարը գրում է, որ միջազգային ասպարեզ դուրս գալու համար Հայաստանը պետք է դառնա միջազգային տրանսպորտային կազմակերպություններ` Երկաթուղային համագործակցության կազմակերպության եւ Միջազգային երկաթուղային փոխադրումների միջկառավարական կազմակերպության անդամ: Դա երկրին հնարավորություն կտա համաշխարհային տրանսպորտային համակարգում ինտեգրվելու, ինչպես նաեւ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն, կազմակերպել այդ բնագավառի միասնական կարգավորումը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր կազմակերպությունն է: 2008 թ. սկզբին ստորագրվել է 30 տարի ժամանակով «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ին հանձնելու մասին Կոնցեսիոն պայմանագիր` 20 տարի աշխատելուց հետո կողմերի փոխհամաձայնությամբ 10 տարի երկարաձգելու իրավունքով: