AM
9 March 2010 - 07:35 AMT

Ուղեվարձը Հայաստանում դեռեւս չի բարձրանա

Ապրիլից գազի սակագնի բարձրացման պատճառով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը դեռեւս ոչ մի գրավոր բողոք-դիմում կամ բանավոր բողոք ճանապարհատրանսպորտային երթուղիների սեփականատերերից չի ստացել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել տրանսպորտի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Նա նաեւ նշել է, որ գրավոր բողոք ստանալու դեպքում, նախարարությունը պարտավոր է քննել այն սահմանված կարգով, որից հետո համապատասխան որոշում կկայացվի ուղեվարձի մասին:

Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ ըստ Ռոբերտ Նազարյանի հայտարարության, գազալցման գինը Հայաստանի գազալցակայաններում ավտոտրանսպորտային միջոցների համար կբարձրանա 16 դրամով:

Իր հերթին վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հավելել է, որ գազի սակագնի աճը պարտադիր կհանգեցնի ուղեվարձի բարձրացմանը` մինչեւ 50 տոկոս: Այս համատեքստում նա ասել է, որ հայ վարորոդների իրավունքները պաշտպանված չեն: «Հայաստանում նույնիսկ համապատասխան արհմիություններ չկան, իսկ տրանսպորտային երթուղիները պատկանում են օլիգարխների, որոնք կառավարում են այն ըստ իրենց հայեցողության»,-նշել է Էդուարդ Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է ուղեվարձի գնի բարձրացման հետ կապված բողոքներին, ապա կենտրոնը նման բողոքներ դեռեւս չի ստացել, սակայն նշել է, որ «իրավիճակը կպարզվի գազի գնի բարձրացումից անմիջապես հետո»:

Ամսական մինչեւ 10,0 հազար խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը կկազմի132 000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառողներին վաճառվող, 7900 կկալ/խորանարդ մետր ջերմարարություն ունեցող, բնական գազի սակագինը` 243.13 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2010թվականի ապրիլի 1-ից:

Հանձնաժողովը ռուսական գազի սակագները 17 տոկոսով բարձրացնելու իր որոշումը հիմնավորում է դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ աճով, բնական գազի սպառման կրճատմամբ, ինչպես նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության ներդրումների փոխհատուցման անհրաժեշտությամբ: