2010թ. մարտի 9-ին տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինի հանդիպումը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արաիկ Քոթանջյանի հետ: ՀԿԵՈւ ղեկավարությունից եւ նշված վարչական տարածքի ղեկավարությունից բացի հանդիպմանը ներկա էր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սերգեյ Դանիելյանը: Կողմերը քննարկել են Երեւանը Հրազդանին կապող նոր էլեկտրագնացքի գործարկման հնարավորությունը, որի երթուղին կմեկնարկի Երեւանի Ալմաստ ավտոկայանից, եւ երկաթուղու այդ հատվածի վիճակը, հաղորդում է ՀԿԵՈւ-ի մամլո ծառայությունը:
Ըստ ՀԿԵՈւ ներկայացուցիչների, նոր միջքաղաքային երթուղու գործարկումը թույլ կտա նվազեցնել տրանսպորտային ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ առավել մատչելի այլընտրանք ստեղծել ավտոմոբիլային փոխադրումներին: Ուղեւորությունն, ենթադրաբար, կտեւի 50 րոպե, ինչը եւս կնպաստի ընտրության հնարավորությանը ուղեւորների մոտ:
Ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հավանություն էր տվել ՀԿԵՈւ մեկ այլ նախաձեռնության` տրանսպորտային հանգույցներ ստեղծել Երեւանի երկաթուղային կայարանում, որի նպատակը կլինի կապակցել երկաթուղային տրանսպորտի աշխատանքն ավտոմոբիլային տրանսպորտի հետ: