Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը:
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է արվել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանը: Վարչապետը նշել է, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից մեկն է: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել ԾԻԳ-ի ստեղծմանը, որը պետք է համակարգի Ասիական զարգացման բանկի մասնակցությամբ իրականացվելիք շինարարությունը Հայաստանում:
Վարչապետն անդրադարձել է Զվարթնոցում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը եւ գյուղմթերքների մեծածախ ցանցի ձեւավորմանը եւ ընդգծել դրանում Ասիական զարգացման բանկի օժանդակության կարեւորությունը: Կողմերը քննարկել են նաեւ երկաթուղու կառուցման եւ Երեւանում տրանսպորտային հաղորդակցության զարգացման ծրագրերը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարական է ստացել ընթացիկ տարվա համար արտահանմանն ուղղված համալիր ծրագիր ներկայացնել կառավարությանը: Վարչապետը հույս է հայտնել, որ Ասիական զարգացման բանկի մասնագետների ներգրավումն այդ ծրագրում կարող է օգտակար լինել Հայաստանի համար:
Փոխադարձաբարձ կարեւորվել է տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը եւ դրանցում Ասիական Զարգացման Բանկի մասնակցությունը: