«Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի» տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման տեսակետից հետագայում պետք է անցնի ինքնաֆինանսավորման: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ վարկային պայմանագրի ստորագրումից հետո նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Ինչպես հայտնի է, կառավարությունը մեծածավալ սուբսիդավորում է կատարել, ուստի հարկավոր է ապահովել նրա արդյունավետությունն ու ինքնաապահովումը տնտեսական տեսակետից»,-ասել է նա:
Իր հերթին մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Փ.Յայլոյանն ասել է լրագրողներին, որ աշխարհի ոչ մի երկրում մետրոպոլիտենը չի աշխատում շահույթով, «իսկ մենք դրան ենք ձգտում»; «Տարբեր երկրներում մետրոյի սուբսիդավորումը տարբեր տոկոսային հարաբերակցություն ունի. մի քիչ ավել կամ պակաս»,-ասել է նա: Յայլոյանը հաղորդել է նաեւ, որ մետրոպոլիտենի սուբսիդավորումը 2009թ. 2008թ-ի համեմատ կրճատվել է 360 մլն դրամով եւ կազմել է 2,3 մլրդ դրամ: «Այդ գումարն ընթացիկ տարում պահպանվել է նաեւ համախառն եկամուտում` կազմելով 60 տոկոս»,-ասել է նա:
2010-ի մարտի 10-ին ՀՀ կառավարությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցությամբ սկսում է Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը, որի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը կստորագրեն 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային ծրագիր: Վարկային համաձայնագրով նշված միջոցառումներն իրականացնելու նպատակով կստորագրվեն նաեւ «Ծրագրի աջակցության համաձայնագիր» Երեւանի քաղաքապետարանի եւ «Ծրագրի համաձայնագիր» «Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի հետ: