AM
10 March 2010 - 11:59 AMT

Փայլակ Յայլոյան. Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար հարկավոր է ներդնել շուրջ 200 մլն եվրո

Ինչպես հայտարարել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը «Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ վարկային պայմանագրի կնքումից հետո, միջազգային կառույցների հետ ակտիվ բանակցություններ են ընթանում Երեւանի մետրոպոլիտենի կայարանների ընդլայնման մասին, մասնավորապես, 2011թ. մետրոյի «Աջափնյակ» կայարանում շինարարական աշխատանքների վերսկսման մասին: Բացի այդ, նա ասել է, որ քննարկվում է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում մետրոյի «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտք/ելք բացելու հարցը, ինչը թույլ կտա «նվազեցնել մայրաքաղաքի կենտրոնի ծանրաբեռնվածությունը»:

Այս առնչությամբ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքը նախատեսված էր դեռեւս կայարանի շինարարության ժամանակ: «Աշխատանքներն իրականացվել են 60 տոկոսով, սակայն ստեղծված հանգամանքների պատճատով, ստիպված եղանք հրաժարվել նախագծից»,-ասել է նա:

Ինչպես լրագրողներին է ասել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Փայլակ Յայլոյանը, մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար հարկավոր է ներդնել շուրջ 200 մլն եվրո: Ինչ վերաբերում է «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքին, ապա այդ նախագծի արժեքը կազմում է 30-40 մլն եվրո:

2010-ի մարտի 10-ին ՀՀ կառավարությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցությամբ սկսում է Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը, որի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը կստորագրեն 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային ծրագիր: Վարկային համաձայնագրով նշված միջոցառումներն իրականացնելու նպատակով կստորագրվեն նաեւ «Ծրագրի աջակցության համաձայնագիր» Երեւանի քաղաքապետարանի եւ «Ծրագրի համաձայնագիր» «Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի հետ: