«Գարունն ու ամառը, այսինքն` բնության անցումային ժամանակաշրջանները կարող են ավելորդ սթրեսների պատճառ դառնալ, քանի որ այդ ժամանակ մարդու օրգանիզմը ավելի զգայուն է դառնում», – Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքերի համաձայն, այդ ընթացքում կարող է խախտվել մարդու հորմոնալ բալանսը, ինչն էլ պատճառ է դառնալ սթրեսի առաջացման:
«Մեզ դիմում են սուր սթրեսներով այցելուներ, որոք խուճապի մատնված են: Սթրեսները բուժելիս, առաջին հերթին պետք է հետազոտել մարդու սիրտը, վահանաձեւ գեղձը, եւ միայն դրանից հետո կարելի է բուժել սթրեսը», – պատմում էր «Էրեբունի» հիվանդանոցի ընկնավորության կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Գայանե Մելիքյանը:
Բժիշկների խոսքերի համաձայն, ամենածանր սթրեսը հարազատի կորուստն է, իսկ ընդհանուր առմամբ, դրանք կարելի է բաժանել մի քանի խմբի` տարիքային, սոցիալական, աշխատանքային եւ այլն:
Նրանց խոսքերի համաձայն, մինչեւ 23 տարեկան երիտասարդների սթրեսի պատճառ հաճախ դառնում են նրանց արտաքին տվյալներն ու սիրո զգացումը, 25 տարեկանից հետո սթրեսի պատճառ են դառնում աշխատատանքն ու ընտանիքը, իսկ 50-ից հետո` մահվան մասին մտորումներն ու դրանից առաջացած վախը: Սակայն սթրեսի համար կրիտիկական է համարվում 35-40 տարեկան հասակը:
Բժիշկները նշել են նաեւ, որ սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոցը ներշնչումն ու ինքնավերահսկումն է: Սթրեսը կարելի է հաղթահարել նաեւ զբոսանքների, շփման եւ այլ գործողությունների միջոցով: «Շրջանառվում է այն սխալ կարծիքը, որ խմիչքը լավ միջոց է սթրեսից բուժվելու համար, սակայն դա ճիշտ չէ: Խմիչքի օգտագործումը հակառակ արդյունք է տալիս», – ընդգծել է Սամվել Խուդոյանը: