2010 թվականի մարտի 10-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել խորհրդի նախորդ երկու նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Այնուհետեւ քննարկվել են «Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ միջեւ ծագած խնդիրները, որի առնչությամբ հանձնարական է տրվել` հարցը եւս մեկ անգամ քննարկել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Խորհրդի անդամներին ներկայացվել է նաեւ շարժական գրավի առարկաների իրացման ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ ՀՀ Բանկերի միության առաջարկությունները, մասնավորապես` Միասնական տեղակատվական բանկի ստեղծման եւ կատարելագործման ուղղությամբ:
Նիստում քննարկվել են պետական եւ կառավարման մարմիններին ներկայացվող 2009 թ. հաշվետվությունների կազմի եւ բովանդակության վերանայման ու կրճատման մասին ԳԱԽ-ի քարտուղարության ուսումնասիրությունը, եզրակացությունը եւ առաջարկությունները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է դրանց հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, վարչական ռեգիստրներից վիճակագրական տվյալների հավաքագրման եւ հետագայում դրանց կրկնությունները բացառելու նպատակով: