«Խոսող քարերի երկիր-2010» (CTS-2010) ամենամյա միջազգային տուրիստական ցուցահանդեսը տեղի կունենա Երեւանում մայիսի 14-15-ը, ասվում է ցուցահանդեսի կազմկոմիտեի կողմից PanARMENIAN.Net-ին տրամադրված հաղորդագրության մեջ: «CTS-2010 մասնագիտական ուղղվածությունը տարածաշրջանային է լինելու: Ցուցահանդեսին մասնակցելու հրավերներ են ստացել Թուրքիայի, Վրաստանի, Հունաստանի եւ այլ երկրների տուրիստական ընկերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ցուցահանդեսի շրջանակներում այլազգի տուրիստական օպերատորների համար տուր կկազմակերպվի:
Այս տարի ցուցահանդեսը հերթական անգամ տեղի կունենա Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո եւ Տուրիստական գործակալների հայկական ասոցիացիայի (AATA), Տուրիստական գործակալների ամերիկյան ասոցիացիայի (ASTA) հայկական ներկայացուցչության ու «Մրցունակ մասնավոր սեկտոր Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:
CTS-2009 ֆորումին մասնակցում էին 62 կազմակերպություններ` տուրիստական գործակալություններ, տուրիստական օպերատորներ, ավիաընկերություններ, հյուրանոցներ եւ հանգստյան տներ, ապահովագրական ընկերություններ, պետական եւ սոցիալական կազմակերպություններ, տուրիստական հրատարակչություններ, տեղեկատվական գործակալություններ եւ այլն: