Մարտի 9-11-ը Հայաստանում է գտնվում Քուվեյթի պետությունից ժամանած պատվիրակությունը` Քուվեյթի պետության ֆինանսների նախարարության ներդրումային համաձայնագրերի վարչության պետ Ալի Ալ Մեթայրեֆի գլխավորությամբ, հաղորդում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը:
Քուվեյթցի պաշտոնյաների այցի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի պետության կառավարության միջեւ ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ խրախուսման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների անցկացումն ու նախաստորագրումն էր: «Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել նախագծի բոլոր կետերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մարտի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի պետության միջեւ ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ խրախուսման համաձայնագրի նախաստորագրում Քուվեյթի պետության ֆինանսների նախարարության ներդրումային համաձայնագրերի վարչության պետ Ալի Ալ Մեթայրեֆի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության եւ միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանի կողմից:
Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հանդիպել է Ալի Ալ Մեթայրեֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ներսես Երիցյանը հույս է հայտնել, որ հայ-քուվեյթական հարաբերություններն ավելի կընդլայնվեն եւ կխորանան` մասնավորապես կարեւորելով Քուվեյթում Հայաստանի նորաստեղծ դեսպանության դերը:
Նախարարի խոսքով անհրաժեշտ է քննարկել եւ որոշել համագործակցության համար առավել հեռանկարային ուղղություններ եւ համատեղ իրականացման համար կոնկրետ ծրագրեր մշակել:
Ալի Ալ Մեթայրեֆին շնորհակալություն է հայտնել Ներսես Երիցյանին հայկական կողմի ջերմ ընդունելության համար: Նրա խոսքով, բանակցային գործընթացը բարեհաջող ավարտվելուց հետո նախաստորագրված պայմանագիրն իր երկրում որոշակի ընթացակարգ է անցնելու եւ 2010թ. ավարտին ներկայացվելու է ստորագրման:
Նա նաեւ վստահեցրել է նախարարին, որ քուվեյթական կողմը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ եւ շեշտել, որ երկու երկրների գործարարների, առեւտրի պալատի ներկայացուցիչների, ինչպես նաեւ արդյունաբերողների անհատական հանդիպումների արդյունքում կարելի է բացահայտել համագործակցության նոր` հեռանկարային փոխշահավետ հնարավորություններ: