Ռուս-վրացական սահմանի հյուսիսօսեթական հատվածում գտնվող «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետը վերանորոգումից հետո աշխատանքի առաջին շաբաթվա ընթացքում 70 ավտոմեքենաներ եւ 230 քաղաքացիներ են հատել, որոնցից մոտ 70-ը` այլազգիներ:
Նրանց թվում հինգը Վրաստանի քաղաքացիներ են, հաղորդել է Ռուսաստանի ԱԴԾ Հյուսիսային Օսեթիայի գծով Սահմանային վարչության մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Սոլոդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այս ժամանակահատվածում պետական սահմանը հատած մարդկանցից մոտ 160-ը ռուսներ են եւ մոտ 70-ը` այլ պետությունների քաղաքացիներ, այդ թվում` հինգ վրացի: Ոչ մի միջադեպ այս ընթացքում «Վերին Լարսում» չի արձանագրվել»,- նշել է Սոլոդը:
Վերին Լարս` Հյուսիսային Օսեթիայում Վրաստանի ռազմական ճանապարհին ռուս-վրացական սահմանի շրջանում տեղակայված ռուսական հսկիչ անցագրային կետ:
Վերին Լարսի անցագրային կետը փակվել էր 2006թ. հուլիսի 8-ին: Հյուսիսային Օսիայի բնակիչները, որոնք ծագումով Վրաստանի Կազբեկի շրջանից են եւ Վերին Լարսի այդ հատվածում ունեն ազգակցական կապեր ու տնտեսություններ, զրկվել են սահմանն անցնելու հնարավորությունից:
2009 թ. մայիսի 5-ին ավարտվեց Հյուսիս Օսիայի մաքսակետի Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցագրային կետի շինարարությունը:
ՀԱԿ-ի բացումը նախատեսված է ավարտել 2010 թ. մարտի 1-ին:
2009 թվականին հսկիչ-անցագրային կետի բացման հնարավորության քննարկումը վերսկսվեց: Համարվում է, որ սահմանի բացումը կնպաստի սահմանամերձ շրջանների տնտեսական առողջացմանը եւ կթեթեւացնի հայ-ռուսական առեւտուրը: Մարտի 1-ին «Վերին Լարս» ՀԱԿ-ը վերսկսեց իր աշխատանքը: