Մարտի 12-ին Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը եւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանը հանդիպեցին Մոսկովյան եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին ։
«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ Ձեր ընդունելությանը Հայաստան կատարելիք Ձեր այցի նախօրեին։Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ջերմ հարաբերությունների հիմնաքարերից մեկը, որը անցել է պատմական դարավոր ճանապարհ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ջերմ բարեկամական հարաբերություններն են եւ ստեղծված հոգեւոր կապը, որոնք սերտացնում են երկու ժողովուրդների հարաբերությունները», – նշել է դեսպան Օլեգ Եսայանն ու ընդգծել, որ Պատրիարք Կիրիլի առաջիկա այցը Հայաստան լուրջ խթան կհանդիսանա հարաբերությունների հետագա խորացման համար։
Ինչպես հաղորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, Պատրիարք Կիրիլը իր հերթին նշել է. «Օրերս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Ռուսական Պատրիարքարանի պատվիրակությունը կմեկնի Հայաստան, ինչով մի նոր քայլ կարվի երկու քույր եկեղեցիների բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում։ Երբ պետությունները եւ ժողովուրդները գտնվում են հոգեւոր ներդաշնակության մեջ, պետությունները կարողանում են լիարժեք գոյատեւել եւ համագործակցել բոլոր ուղղություններով։ Ներկայումս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստեղծվել է վերոհիշյալ մթնոլորտը, որի արդյունքում մեր երկու պետությունները կարողանում են լիարժեք բարեկամական հարաբերություններ զարգացնել»։