Մարտի 12-ին Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան, որի թեման էր` «Հայաստանի սողանքները` որպես արտակարգ իրավիճակների հիմնական աղբյուրներից մեկը», ինչպես նաեւ «Հայաստանի սողանքները» գրքի շնորհանդեսը:
«Գիրքը նախատեսված է գիտահետազոտական հիմնարկությունների, երկրաբանական ֆակուլտետի ուսանողների, նեղ մասնագիտական ուղղվածություն ունեցողների համար», – PanARMENIAN.Net-ի լրագրողի հետ զրուցելիս ասել է երկրաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ Հանրային հեռուստատեսության արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի վարիչ, «Հայաստանի սողանքները» գրքի հեղինակներից Դմիտրի Խաչատրյանը:
Հայաստանի համար սողանքները առավել հաճախ հանդիպող աղետներից մեկն է:
«Հայաստանի սողանքների գոտում կապի միջոցներ կան, արգելոցներ, բնակելի տներ, թունավոր քիմիկատների պահեստարաններ: Հայաստանում հայտնի է ավելի քան 3000 սողանք: Դրանք հիմնականում գտնվում են Կապանում, Դիլիջանում, Երեւանում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում», – նշել է Դմիտրի Խաչատրյանը:
Գիրքը հրատարակել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը` ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության մասնագետների աջակցությամբ: