Մարտի 12-ին Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ՊՈԱԿ-ը պայմանագիր կնքեց Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման (2-րդ փաթեթի) իրականացման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում են հիմնադրամի մամլո ծառայությունից, պայմանագիրը շնորհվեց «ՍԱԴԵ» (Ֆրանսիա), «Բլեսկ» (Ռուսաստանի Դաշնություն) եւ ենթակապալառու «Արտեզիա» (Հայաստան) ընկերություններից բաղկացած կոնսորցիումին` 8.08 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Պայմանագրի ավարտը նախանշվում է 2011թ.-ի հուլիսի 31-ը: Պայմանագիրը ստորագրվեց ՀՄՀ-Հայաստանի գրասենյակում` Գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի եւ «ՍԱԴԵ» եւ «Բլեսկ» ընկերությունների տնօրենների կողմից:
Այս պայմանագիրն իրենից ներկայացնում է արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման առաջին փաթեթի շարունակությունը, որը ստորագրվել է 2009 թ. դեկտեմբերին հայաստանյան Սահակյանշին ընկերության հետ: Առաջին փաթեթի պայմանագրի արժեքն է 7 միլիոն ԱՄՆ դոլար:
Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնումը ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ենթակառուցվածք ենթածրագրի հիմնական բաղադրիչներից է: Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնումը նպատակաուղղված կլինի Արարատի եւ Արմավիրի մարզերի 35 շահառու համայնքներում գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը, կբարելավի համայնքների սոցիալական պայմանները եւ կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը: Դրենաժային համակարգի վերականգման աշխատանքները ներառում են կոլեկտորների, երկրորդային եւ երրորդային դրենաժային ջրանցքների մաքրում եւ խորացում, դրենաժային համակարգի բարելավում 3 մեծ ջրանցումների (դյուկերներ) եւ մի շարք փոքր կառուցվածքների կառուցման միջոցով, դիմհարների վերացման եւ ոռոգման այլընտրանքային փոխարինող միջոցառումների ապահովմամբ, մի շարք արտեզյան եւ խորքային հորերի վերականգնում, Արարատյան հարթավայրի 3 ենթատարածաշրջաններում` հարավարեւելյան, կենտրոնական եւ հյուսիսարեւմտյան, դրենաժային համակարգի որոշ ենթամակերեսային դրենաժային աշխատանքներ` գերխոնավ հողերում հնարավորինս հավասարակշռված էկոհամակարգի պահպանման պայմաններում:
Արարատյան հարթավայրը Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական տարածքներից է եւ կազմում է երկրի գյուղատնտեսական ՆԱ-ի 30 տոկոսը, սակայն վերջին տարիներին արտադրողականության մակարդակը կտրուկ նվազել է ջրածածկման եւ հանքայնացման պատճառով:
Նախատեսվում է, որ համակարգի վերականգնման արդյունքում դրենաժային տարածքում կավելանա գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետությունը, կկանոնակարգվեն ստորգետնյա ջրերի մակարդակը, կնվազի բնակավայրերի ջրածածկան մակարդակը, ասվում է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Մինչ 2011թ. սեպտեմբեր ամիսը Հայաստանի գյուղատնտեսության եւ ոռոգման ոլորտում ՀՄԿ-ի կողմից տրամադրվելիք ներդրումները կկազմեն 180 միլիոն ԱՄՆ դոլար:
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստանը (ՀՄՀ-Հայաստան) պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից եւ պատասխանատու է հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ու ՀՀ կառավարության միջեւ կնքված Համաձայնագրի թափանցիկ իրականացումը վերահսկելու համար: