AM
16 March 2010 - 13:31 AMT

Մարտի 18-ին 50 երկրներում կմեկնարկի «Կենգուրու» մրցույթը

Հայաստանում մարտի 18-ին անցկացվելու է մաթեմատիկայի «Կենգուրու» միջազգային մրցույթը: Այս տարի Հայաստանի 902 դպրոցից խաղ-մրցույթին կմասնակցի 39400 աշակերտ: Այն Հայաստանում միակ մրցույթն է, որ այդքան մասնակից ունի: Մրցույթը կմեկնարկի մարտի 18-ին, ժամը 12.00-ին` միաժամանակ բոլոր` 902 դպրոցներում:

«Կենգուրու» մաթեմատիկայի միջազգային մրցույթը ամեն տարի անցկացվում է միաժամանակ 50 երկրներում` ավելի քան 5 մլն դպրոցականների մասնակցությամբ: Մրցույթի ծրագրում ներկայացվում են հետաքրքիր տրամաբանական խնդիրներ, կարող են մասնակցել 3-11 դասարանների աշակերտները, անկախ մաթեմատիկա առարկայից նրանց ունեցած հաջողություններից եւ առաջադիմությունից: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն արթնացնել մաթեմատիկայի հանդեպ եւ այդ առարկան ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնել:

Հայաստանում «Կենգուրու» մրցույթի կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է: