Ապրիլի 1-ին կայացած նիստում կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխման ծրագրի հայեցակարգին եւ ծրագրին, ինչը բխում է Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-Եվրամիություն գործողությունների կատարումն ապահովող միջոցառումների ցանկից:
Ինչպես հաղորդել է Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ծրագրում հաշվի են առնված նաեւ հանցագործությունների կանխարգելման եւ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ծրագրերով նախատեսված առանձին ուղղությունները: Ծրագրի հաջող իրականացման վերջնարդյունքը պետք է լինի այն, որ քաղաքացիներն իրենց զգան ավելի անվտանգ եւ վստահեն ոստիկանությանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ փաստաթուղթը հանգամանորեն քննարկվել է նաեւ անվտանգության խորհրդում, եղել են արժեքավոր առաջարկներ, որոնք ներառվել են նախագծում: Ծրագիրն ընդհանուր առմամբ հաջողված է, արդիական եւ ամբողջությամբ իրագործելու դեպքում էապես կնպաստի ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: