«Յուրաքանչյուր մասնավոր պրոֆեսիոնալ կրթական հաստատություն պետք է պատասխանատվություն կրի պատշաճ մակարդակով կրթություն ապահովելու համար, եւ մեր նպատակն է հետեւել այդ գործընթացի ապահովմանը»,- հաղորդել է «Մասնագիտական կրթության որակի ապահովում» հիմնադրամի ղեկավար Ռուբեն Թոփչյանը ապրիլի 2-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Նրա խոսքերով, Հայաստանում կան մի քանի հիմնական խնդիրներ, որոնք լուծում են պահանջում. «Դա Հայաստանի տարբեր բուհերի ուսուցման անհամասեռությունն է եւ կրթության հնացած չափորոշիչները: Այդ եւ այլ խնդիրներ են բացահայտվել կենտրոնի աշխատանքի տարիներին»:
Սակայն կենտրոնի աշխատակիցները մի շարք միջոցառումներ են հաստատել` ուղղված այդ խնդիրների լուծմանը: Այդպիսի միջոցառումներից է բուհերի լիցենզավորումն ինչպես մասնավոր, այնպես էլ պետական բուհերում կրթության որակի հսկողություն հայ եւ արտասահմանյան փորձագետների օգնությամբ, լիցենզավորված կրթական ծրագրերի պետական ցուցակի ստեղծում, մասնագիտությունների համար լիցենզավորման ժամկետների հաստատում եւ մի շարք այլ միջոցառումներ, որոնք ուղղված են Հայաստանում կրթության որակի բարձրացմանը: Հիմնադրամի ղեկավարի խոսքերով, նշված ծրագիրը պետք է իրականացվի 2014-2015 թթ.:
«Սակայն մեր գլխավոր նպատակներից է ցույց տալ ուսանողներին, որ կրթությունը եւ ուսուցումն առաջին հերթին պետք են նրանց: Մենք ցանկանում ենք համակարգել համագործակցությունը դասախոսների եւ ուսանողների միջեւ, ինչը հիմա մեր երկրում բավական ցածր մակարդակի վրա է»,- ասել է Ռուբեն Թոփչյանը: