Զատիկը հայերի համար եկեղեցական ամենակարեւոր տոներից մեկն է եւ դարերի գոյության ընթացքում այն եկեղեցական տոնից վերածվել է ժողովրդական տոնի, Հայաստանի տարբեր մարզերի համար ձեռք է բերել տոնակատարության առանձնահատուկ ավանդույթներ: Այս մասին ապրիլի 2-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է էթնոգրաֆ եւ նկարիչ Լուսիկ Ագուլեցին:
Հայաստանում սուրբ Զատիկի տոնի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել կյանքի ծառը ավանդական խաղալիքներով զարդարելուն, որոնք տուն են բերել հաջողություն եւ երջանկություն:
Այդպիսի տիկնիկներից է ակլատիզը` զարդարված 49 քարկտիկներով, որ խորհրդանշում է պասի 49 օրերը: Կյանքի ծառի վրա ընդունված է եղել կախել նաեւ տանտիրուհու պատրաստած դեկորատիվ ձուն` Սուրբ Զատկի խորհրդանիշը: Տոնական տիկնիկների պետրաստման արվեստը սովորեցնելը հետապնդում է նաեւ երեխաների մեջ ազգային ավանդույթների պահպանման նպատակ:
Զատկի սեղանին, որը Լուսիկ Ագուլեցու խոսքերի համաձայն շատ ճոխ չպետք է լինի, դրվելու է`տարբեր կանաչիներ, եփած կանաչու միջուկով թխվածքներ, գաթա, ձուկ եւ, իհարկե, բրնձով փլավ` տարբեր չրերով զարդարված:
Սուրբ Զատկի գլխավոր խորհրդանիշը ձուն է, որը միայն կարմիր գույնով պետք է ներկված լինի: «Ձուն տարբեր գույներով ներկելու սովորությունն ընդունված է Իրանում: Այն խորհրդանշում է Նոր տարին` գարնան սկիզբը», – բացատրել է Լ. Ագուլեցին: