AM
7 April 2010 - 10:35 AMT

Կարինե Դանիելյան. Երևանը դարձել է բազմահարկերի, այլ ոչ թե մարդկանց քաղաք

“Միայն երեկ ես քաղաքացիների բողոքներով 5 զանգ եմ ստացել, որոնցից երեքը բողոքում էին, որ իրենց բակերի տարածքի հաշվին կառուցվում են նոր շենքեր”,- ապրիլի 7-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է “Հանուն կայուն զարգացման” հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքերով, հանուն շահույթի հրապուրվելով բազմահարկ շենքերի կառուցմամբ, մարդիկ երբեմն մոռանում են քաղաքացիների բողոքների և խնդիրների մասին:

Նա բարձրացրեց նաև Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի շուրջ շինարարության թեման. “Նախնական պայմանավորվածության համաձայն Օպերայի շենքի շուրջ շինարարություն չպետք է լիներ, սակայն շենքի առաջ կան բազմաթիվ շինհրապարակներ, իսկ հարակից սրճարանների տարածքը ծածկված է պոլիէթիլենային թաղանթով, ինչը վկայում է գալիք շինարարության մասին”: