Ապրիլի 7-ին “Ունիսոն” հասարակական կազմակերպությունը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացրեց հաշմանդամ կանանց գեղեցկության հանրապետական 5-րդ ֆոտոմրցույթը:
“Մրցույթի նպատակն է վերացնել հասարակության մեջ հաստատված կարծրատիպերը և ցույց տալ, որ հաշմանդամությունը կանանց գեղեցկության առջև չի փակում դռները”, – ասել է “Ունիսոն” կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը` պարգևատրման արարողության ընթացքում:
Նրա խոսքերի համաձայն, այս տարի մրցույթին ներկայացվել է Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղից և Ջավախքից 71 կնոջ լուսանկար: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար մրցութային հանձնաժողովն ընտրել է 10 աղջկա: Սահմանվել է 4 անվանակարգ և 5 խրախուսական պարգև, ինչպես նաև “Համակրանք” “Ունիսոն” հատուկ անվանակարգը:
“Լուսանկարների ընտրության հարցում հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություններ չեն եղել: Մենք առաջնորդվել ենք ոչ միայն գեղեցկության չափանիշներով, այլև լուսանկարների որակը հաշվի առնելով: Բոլորս գիտենք, որ չկան տգեղ կանայք”, – ընդգծել է հանձնաժողովի անդամ, ՀՀ ժողովրդական դերասան Արսեն Գրիգորյանը:
“Գեղեցկուհի-2010” անվանակարգում գլխավոր մրցանակը տրվել է Լոռու մարզի Ստեփանավանի բնակչուհի Անժելա Ավագյանին, “Փոխ-գեղեցկուհի” անվանակարգում առաջին մրցանակը հանձնվել է Երևանից Մելինե Ղազարյանին, երկրորդ մրցանակին` “Գեղեցկուհի համակրանք” անվանակարգում արժանացել է Երևանից Ժանետա Հայրապետյանը, երրորդ մրցանակը` “Գեղեցկուհի- ժպիտ” անվանակարգում, տրվել է Գյումրիից Արշալույս Բոյաջյանին: “Համակրանք” ”Ունիսոն” անվանակարգում պարգևատրվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ Գայանե Գալստյանը:
Պարգևատրման արարողությունը անցկացնում էր World Vision Armenia կազմակերպությունը` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ: Մրցույթի կազմակերպմանը մասնակցել է նաև “Փարոս” բարեգործական հիմնադրամը (ԱՄՆ):