Պետական եկամուտների կոմիտեի քննչական և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության ևս մեկ դեպք: Երկու տարվա ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր առմամբ շուրջ 150 մլն դրամի վնաս:
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության և քննչական վարչությունների աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում օրերս հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ Ալբերտ Գալստյանի ապօրինի գործունեությունը: ՙՎԳԳԱ՚, ՙՏիպգոր՚ և ՙԳոհար Ասուպ՚ ընկերությունները գործել են Գոռ Վերդյանի, Ջուլիետա Կարապետյանի և Ներսես Զախարյանի անուններով, գրանցվել պետական ռեգիստրում և հաշվառվել տարածքային հարկային տեսչություններում: Վերջիններիս դրամական պարգև խոստանալով` Ալբերտ Գալստյանը անձամբ է զբաղվել ապրանքների ձեռքբերմամբ և իրացմամբ, բայց հարկային մարմիններին ներկայացրել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հաշվետվություններ: Այդկերպ Գալստյանը չարամտորեն խուսափել է պետբյուջե վճարել առանձնապես խոշոր չափի`շուրջ 130մլն դրամի հարկեր և սոցիալական ապահովագրության վճարներ: ՀՀ-ում գործող մի շարք ընկերությունների տրամադրվել են կեղծ հաշիվ-ապրանքագրեր. պատճառելով շուրջ 16,5 մլն դրամի վնաս:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ալբերտ Գալստյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189 հոդվածի 1-ին մասով, 189 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 205 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Նախաքննությունը շարունակվում է, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: