"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ կողմից հանրապետությունում իրականացված գազիֆիկացման աշխատանքների և կատարված մեծածավալ ներդրումների արդյունքում այսօր գազահամակարգին միացավ 600 000-րդ բաժանորդը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: "600 000-րդ բաժանորդի փաստը խոսուն և լուրջ ցուցանիշ է մեզ համար, սա այն աշխատանքի արդյունքն է, որին Ընկերությունը ձեռնամուխ եղավ դեռևս 2002թ.",- նշեց "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ փոխտնօրեն Խաչատուր Բաղդասարյանը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, "ՀայՌուսգազարդ"-ի կողմից գազաֆիկացման ծրագիրը հիմնականում ավարտվել է և Հայաստանը համարվում է է գազաֆիկացման մակարդակով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկը: Այսօր արդեն բնական գազ է օգտագործում 552 համայնք, մինչ 1990թ. հանրապետությունում գազաֆիկացված է եղել 388 համայնք:
Խաչատուր Բաղդասարյանի խոսքով, չնայած 94 տոկոս գազաֆիկացման մակարդակին, չի կարելի ասել, որ հանրապետությունում ծրագիրը չի շարունակվում: ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակում շարունակվում է հանրապետության համայնքների գազաֆիկացման աշխատանքները:
Այդուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցյալ տարվա նոյեմբեր ամսից, երբ հանրությունն արդեն տեղյակ էր գազի սակագնի բարձրացման միտումներին, մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը ներառյալ գազահամակարգին միացած նոր բաժանորդների թիվը գերազանցում է 10 հազարը: Հաշվարկները ցույց են տալիս, որ անգամ բարձրացված սակագնի պարագայում բնական գազը շարունակում է մնալ ամենաէժան և հարմարավետ էներգակիրը:
ՀՀ կառավարության որոշման համաձայն, "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ կողմից 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են 308 208 ազդանշային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 25 611-ը` մարտ ամսին: