AM
9 April 2010 - 13:47 AMT

“Արդշինինվեստբանկի” մասնաճյուղերի կառավարիչները մեղադրվում են խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ

Հայաստանի Գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ի "Վարդենիս" մասնաճյուղի նախկին կառավարչի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ: Այդ մասին հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ի "Վարդենիս" մասնաճյուղի նախկին կառավարիչ Ա. Բաղդասարյանը, նախնական համաձայնության գալով մասնագետ Հ. Համբարձումյանի, անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի և "Վասարաթ" ՍՊ ընկերության տնօրենի հետ, ձևակերպել են կեղծ վարկեր: Մասնավորապես` մասնաճյուղի վարկառուների անվամբ` առանց նրանց իմացության, ձևակերպել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման պատրվակով վարկ հատկացնելու վերաբերյալ 396 պայմանագիր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 95 788 080 ՀՀ դրամ և 27 616 ԱՄՆ դոլար:

Նշված ժամանակահատվածում վերոհիշյալ գումարը մաս-մաս փոխանցել են կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող, նույն մասնաճյուղի հաճախորդ հանդիսացող Խ. Շաբոյանի և "Վասարաթ" ՍՊԸ-ի հաշվեհամարներին, կանխիկացրել և տնօրինել:

Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն` նախաքննություն կատարելու: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ԱԱԾ քննչական վարչությունում Ա. Բաղդասարյանին առաջադրվել է մեղադրանք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: