“Սաքսոնիա-Անհելտի հայ համայնքը Հայ Առաքելական եկեղեցու գերմանական թեմի օգնությամբ արդեն մի քանի տարի է, ինչ գնել է Հալլե քաղաքի կաթոլիկ եկեղեցու շենքը, որտեղ 2,5 տարի վերանորոգման աշխատանքներ ընթացան”,-ասել է Գերմանիայում ՀԱԵ հոգևոր առաջնորդ, վարդապետ Սերովբե Իսախանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:
Ըստ նրա, եկեղեցու 110-ամյա շենքը պատկանում էր Գերմանիայի կաթոլիկ եկեղեցուն, հետո կաթոլիկները նոր եկեղեցի կառուցեցին: Իսկ հայ համայնքին առաջարկեցին գնել եկեղեցու շենքը և հայկական եկեղեցի բացել:
“Վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են և ապրիլի 17-18-ին տեղի կունենա եկեղեցու օծման արարողությունը, որից հետո նրա դռները կբացվեն բոլորի համար”,-ասել է վարդապետ Սերովբե Իսախանյանը` հավելելով, որ օծման կարգը կկատարի Հայ Առաքելական եկեղեցու գերմանական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը: Արարողությանը ներկա կլինի նաև ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, եպիսկոպոս Անուշավան Ժամկոչյանը: Ներկա կգտնվի նաև Հալլեի քաղաքապետ Դագմար Սցաբադոսը: