AM
12 April 2010 - 11:44 AMT

ՀՀ կրթության նախարարությունը մտադիր է ավելացնել ավագ դպրոցների քանակը

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը երկարացրել է 2010-ին ավագ դպրոցների ցանկի ընդլայնման ժամկետները: Ինչպես հայտնել է Երևանում մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ավագ դպրոցների ցանկը նախատեսվում էր հաստատել ընթացիկ տարվա մարտին, սակայն մարզային վարչությունների և քաղաքապետարանի կողմից հաստատված կարգով չեն ներկայացվել այն չափանիշները, որոնք կհամապատասխանեն առաջարկվող պահանջներին: “Մենք մեզ վրա պարտականություն ենք վերցրել ցուցակն ուշացումով ներկայացնել, բայց ներկայացնել այնպիսի ցանկ, որն ավագ դպրոցի բարեփոխման շրջանակներում թույլ կտա լուծել մեր առջև ծառացած խնդիրները”,- ասել է նա:

Նրա խոսքերով, նախնական ցուցակի մեջ մտել են 36 դպրոցներ` նախատեսված 44-48-ի փոխարեն: “Բնական է, որ ներկայացված ցանկը չէր կարող հաստատվել ոչ կրթության նախարարության, ոչ երկրի կառավարության կողմից, ուստի մենք որոշել ենք երկարացնել նրա հաստատման ժամկետները, որպեսզի մեկ ամսվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների հետ ապահովենք բարեփոխումների ողջ ծավալը և ընտրենք այնպիսի դպրոցներ, որոնք ավելի հարմար են ավագ դպրոցի համար”,- ասել է նախարարը: Այսօր Հայաստանում գործում է 48 ավագ դպրոց:

Նա նաև ասաց, որ կառավարության կողմից ավագ դպրոցների ցանկը հաստատելուց հետո Համաշխարհային բանկի կողմից իրագործվելու են դրանց հագեցման աշխատանքները:

Ինչ վերաբերվում է կրթության ոլորտում բարեփոխումների արդյունքներին, ապա նախարարն ասաց, որ այդ մասին կարելի է խոսել այն բանից հետո, երբ կլինեն առաջին շրջանավարտները, որոնք կկարողանան արդյունավետ կերպով օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք տրամադրում է նրանց ավագ դպրոցը: