Կառուցվում է Երեւան-Սեւան-Իջեւան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 114 կմ-ի վրա սողանքի պատճառով քանդված հատվածը շրջանցող ժամանակավոր ճանապարհ: Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվում են “Ամարասշին” ընկերության կողմից` եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ, կավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Ժամանակավոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ իրականացվել են նաեւ հիմնական` նոր ճանապահի կառուցման նախագծային աշխատանքները, որից հետո կսկսվեն կառուցման աշխատանքները եւ կավարտվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում:
Ինչ վերաբերում է Երեւան-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի 34 կմ-ի վրա գարնանային վարարումների պատճառով փլուզված հատվածին, ապա քանդված հատվածի երկայնքով Դեբեդ գետի ափամերձ տարածքում պաշտպանիչ աշխատանքներ են իրականացվել, եւ ճանապարհը դարձել է անցանելի` մեկ մեքենայի համար: Գետի վարարումը դադարելուց հետո կսկսվեն նաեւ այդ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատաքները:
Հանրապետության միջպետական ճանապարհներին առկա են նաեւ 4 խոշոր վթարներ, այդ թվում` Գորիսի ճանապարհի 2 հատվածներում, Գյումրի-Ամասիա, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, սկսվել է միջպետական ճանապարհների գնահատման գործընթաց, որի ավարտից հետո կկազմվի միջպետական ճանապարհների ընդհանուր պահպանման, սպասարկման, վերականգնման ծրագիր եւ կներկայացվի կառավարության քննարկմանը:
Բացի այդ, նմանատիպ երևույթներն արագ վերացնելու նպատակով նախատեսվում է ձեւավորել պահուստային ֆոնդ եւ այդ ֆոնդի օգտագործման կարգ: