Heifer Project International-ի հայաստանյան մասնաճյուղն ապրիլի 21-ին կազմակերպում է կլոր սեղան-քննարկում “Գյուղատնտեսության զարգացման հեռանկարները Հայաստանում” թեմայով:
“Մեր հանդիպման նպատակն է երևան հանել Հայաստանի գյուղատնտեսության մեջ առկա խնդիրները, որոշել դրանց լուծման ուղիները, ինչպես նաև դիտարկել աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները”,- ասել է Heifer Project International կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանը` բացելով կլոր սեղան-քննարկումը: Միաժամանակ նա շնորհակալություն հայտնեց հեռավոր գյուղերից եկած ֆերմերներին, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել այս միջոցառմանը մասնակցելու համար:
Իր հերթին, Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանն ասաց, որ քննարկումների նման ձևաչափն առավել արդյունավետ է, քանի որ թույլ է տալիս առավել խորը քննարկել գյուղատնտեսության մեջ առկա խնդիրները: Նա ներկայացրեց “2010-2020թթ. Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման հայեցակարգը”: Նրա խոսքերով, հայեցակարգում ընկած է գյուղատնտեսության կառուցվածքային զարգացումը ժամանակակից տեխնիկական սարքավորումների ինտեգրացիայի և կիրառման հաշվին, կան պարենային անվտանգությունն ապահովելու խնդիրներ: “Բացի դրանից, մենք պետք է որոշենք մեր մրցակցային առավելությունները, որպեսզի արժանի տեղ գրավենք միջազգային շուկայում”,- ասել է նա: Կարևոր նշանակություն ունի նաև գյուղական վայրերում զբաղվածության ապահովումը, որը կապված չէ գյուղատնտեսության հետ, ինչը թույլ կտա գյուղական բնակչության համար ապահովել եկամուտի այլընտրանքային աղբյուրներ: