AM
22 April 2010 - 11:15 AMT

Orange-ն իր աջակցությունն է ցուցաբերում աուտիզմով հիվանդ երեխաներին

Այսօր Orange-ի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում Orange-ը ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու աուտիզմով հիվանդ երեխաների “ԱրԲեՍ” ցերեկային բուժման և խնամքի կենտրոնին և վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերին:

Ծրագիրը ներառում է մի քանի նախագիծ, որոնց նպատակն է վերապատրաստել երեխաների խնամքով զբաղվող բուժանձնակազմին, ընտանեկան բժիշկներին, սոցիալական աշխատողներին, գիտելիքներ և հմտություններ փոխանցել հիվանդ երեխաների ծնողներին, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկումը աուտիզմի մասին: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ծրագրին Orange-ը հատկացրել է ընդհանուր առմամբ 25 միլիոն 170 հազար դրամ, որը կուղղվի ինչպես դասընթացների, այնպես էլ ամառային ճամբարի կազմակերպմանը, Երևանում ու մարզերում երեխաների զարգացման և առողջության վերականգնման կենտրոններն անհրաժեշտ հատուկ սարքավորումներով և խաղերով համալրելուն:

Ծրագրի շրջանակներում կենտրոնի 12-16 տարեկան երեխաների համար կկազմակերպվի նաև երկշաբաթյա հանգիստ ամառային առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները կվայելեն բազմաթիվ խաղերով, միջոցառումներով և հետաքրքիր առօրյայով լեցուն ամառային հանգիստը:

“Ներկայումս մեր կենտրոն են հաճախում զարգացման տարբեր խանգարումներ ունեցող և աուտիզմով տառապող 37 երեխա, սակայն պետք է իմանալ, որ Հայաստանում խնդիրը ցավոք այսքան երեխայով չի սահմանափակվում: Իսկ ծնողների ոչ համարժեք վերաբերմունքի և ոչ մասնագիտական խնամքի արդյունքում երեխաների մեծ մասը պարզապես կորցնում է բնականոն կյանք մտնելու բոլոր հնարավորությունները:

Հանրային տեղեկացվածությունն այս խնդրում կարող է վճռորոշ լինել: Վաղ հասակում բժկական միջամտության դեպքում մենք չնայած փոքր, բայց հույս ունենում ենք, որ երեխաները կկարողանան ինքնուրույնություն ձեռք բերել”, ասել է “Արաբկիր” միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բաբլոյանը: