AM
22 April 2010 - 13:49 AMT

Տիգրան Սարգսյանը կոչ է արել մասնավոր տրանսպորտային ձեռնարկություններին` անվճար սպասարկել վետերաններին

Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձի, ՀՀ կառավարությունն ապրիլի 22-ին որոշել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրել ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ միկրոավտոբուսների և մարդատար տաքսի ավտոմոբիլների)` անկախ սեփականության ձևից, անվճար երթևեկելու արտոնություն, հաստատել է պատերազմի վետերաններին տրամադրվող անվճար երթևեկության վկայականի ձևանմուշը: “Մենք ամենքս բարոյական պարտք ունենք պատերազմի վետերանների հանդեպ, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այսօր ապրում է նրանցից 3 հազար 800-ը, մարդիկ, ովքեր պետք է շրջապատված լինեն հասարակության հոգատարությամբ”:

Վարչապետն առաջարկել է իրավական ճշգրիտ ձևակերպում տալ որոշմանը և տրանսպորտային մասնավոր ձեռնարկությունների սեփականատերերին կոչ անել, որպեսզի նրանք նույնպես Մեծ հայրենականի վետերաններին սպասարկեն անվճար: