ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ծրագրերի ավագ պատասխանատու, “Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի” ղեկավար Ջուզեպպե Ֆանտոցիին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էր նաև ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Ա. Գևորգյանը գոհունակություն է հայտնել Համաշխարհային բանկի “Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի” ընթացքի և տեմպերի կապակցությամբ: Ծրագրի իրականացումը սկսվել է անցած տարի աշնանը, աշխատանքերի գրեթե 70 տոկոսն արդեն կատարվել է: Այն ունեցել է նաև տնտեսական ազդեցություն, և այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշներում արտացոլվել են նաև ծրագրի արդյունքները: Երկուստեք նշվել է նաև որակով և բարեխղճորեն կատարված աշխատանքի մասին և հույս հայտնվել, որ նույն տեմպերով շարունակվելու դեպքում ծրագիրը կհաջողվի ավարտին հասցնել այս տարվա վերջին:
Կողմերը քննարկել են նաև ծրագրի շարունակման և ոռոգման համակարգին վերաբերող նոր նախագծերի իրականացման հնարավորությունները: Երկուստեք նշվել է այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը:
Փոխվարչապետը հայտնել է, որ համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ քննարկված մոտեցումները կներկայացնի կառավարությանը: