AM
30 April 2010 - 11:22 AMT

Գագիկ Մինասյան. Հայաստանը հաղթահարում է ճգնաժամի հետևանքները

Հայաստանի 2010թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարողականը մինչճգնաժամային շրջանից բարձր է, ինչը վկայում է ճգնաժամի հետևանքների հաղթահարման մասին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ֆինանսավարկային , բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Բացի այդ, ըստ նրա, հարկային մուտքերի աճի շնորհիվ հաջողվեց առաջին եռամսյակում ապահովել պետբյուջեի պակասուրդը 6 մլրդ դրամի մակարդակի վրա` նախատեսված 38 մլրդ փոխարեն:

“Երկրի ՀՆԱ-ն 2010թ. հունվար-մարտին աճել է 5,5 տոկոսով, որտեղ արդյունաբերության աճը կազմել է 10 տոկոս, ծառայությունների աճը` 6 տոկոս, իսկ գյուղատնտեսության աճը` 3 տոկոս: Շինարարության ոլորտում առաջին անգամ վերջին տարում անկում չի գրանցվել”,-ասել է նա: Միևնույն ժամանակ, ըստ նրա, գրանցվել է արտահանման 60 տոկոս աճ և ներկրման 23 տոկոս աճ:

Գագիկ Մինասյանն ընդգծել է, որ միակ բացասական ցուցանիշը բարձր սղաճն է, ինչն, իրոք, մտահոգում է ինչպես սոցիալապես անապահով շերտերին, այնպես էլ կառավարությանը: “Կառավարության և ԿԲ-ի ձեռնարկած քայլերը պետք է հետևողական լինեն: Կառավարությունը պետք է ամեն ինչ անի` ապահովելու համար սղաճի ցուցանիշը 4±1,5% մակարդակի վրա”,-հավելել է նա: Ըստ Մինասյանի, 2010թ. առաջին եռամսյակի դրական արդյունքներն ու միտումները պետք է ազդակ հանդիսանան ինչպես գործարարների, այնպես էլ ներդրողների համար:

ՀՀ պետբյուջեի ծախսերը առաջին եռամսյակում կազմել են 164,1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 170,1 մլրդ դրամ, ինչը ապահովեց երկրի կառավարության հստակեցված ծրագրի կատարողականը 107,2 և 90,5 տոկոսով: Ընդ որում, բյուջեի ցուցանիշները, ըստ տարեկան ծրագրի, եկամտային մասով կատարվել են 22,6 տոկոսով, իսկ ծախսային` 19,9 տոկոսով: